Աշխարհում մարդու իրավունքների սկզբունքների հետ կապված հետընթաց է նկատվում. փախստականների հանդեպ արհամարհական վերաբերմունք, հակամարտության պայմաններում քաղաքացիական անձանց պաշտպանության անտեսում, քաղաքացիական օբյեկտների նկատմամբ թիրախային հարձակումներ, քսենոֆոբիա եւ ռասիզմ:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գեևագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը: Այս մասին նա ասել է  Վիեննայի հռչակագրի եւ Գործողությունների ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի կարեւոր փաստաթղթերի ընդունման 25-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով Վիեննայում:

Նա ափսոսանքով նշել է, որ Վիեննայի հռչակագրի ընդունումից 25 տարի անց, մարդու իրավունքների ոլորտում զգալի հետընթաց է նկատվում` տարածաշրջանային եւ գլոբալ պատերազմների վերադարձ, որտեղ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են, ռասիզմի եւ քսենոֆոբիայի դարաշրջանի, ինչպես նաեւ հասարակության մեջ ատելության գիտակցված բորբոքման եւ խտրականության վերադարձ:

Եվրոպական շատ երկրներում պոպուլիստական կուսակցությունները վերելք են ապրում: Երբ դրանք գալիս են իշխանության, նրա խոսքով, միգրանտների եւ իրավապաշտպանների մասին խեղաթյուրված եւ կեղծ պատկերացումներ են տարածում: