Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 12 հարցից նախօրեին քննարկել են 10-ը:

Այսօր խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում), ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Նախօրեին քննարկված հարցերից էր նաեւ «2017-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

Նշենք, որ սա խորհրդարանի առաջին քառօրյան է, որին մասնակցում են 7 նորեկ պատգամավորները: Նրանցից մեկը ՀՀԿ-ից է (Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ), երկուսը՝ ՀՅԴ-ից (Սպարտակ Սեյրանյան եւ Ռուզան Առաքելյան), 4-ը՝ «Ելք» դաշինքից (Ալեն Սիմոնյան, Հրաչյա Հակոբյան, Հովիկ Աղազարյան, Հայկ Կոնջորյան):

Հատկանշական է, որ ընդամենը ԱԺ-ում մեկ օր անցկացրած Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորի մանդատը եւ կմնա Երեւանի ավագանու անդամ: Մամուլի փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանը մտադիր է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարա­կանից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Նշենք, որ քաղաքապետ կարող են լինել միայն Երեւանի ավագանու անդամները:

Այսօր՝ մայիսի 23-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն ԱԺ պատգամավորների հարցերին: