Չիլիի Ռանկագուա քաղաքի թեմը 14 հոգեւորականի է հեռացրել ծառայությունից՝ անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների կասկածանքով: Այս մասին հայտնել է թեմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«14 հոգեւորականներ հեռացվել են իրենց քահանայական ծառայությունից: Սա նշանակում է, որ հայտնի դարձել, հիմնականում՝ ԶԼՄ-ների կողմից տրամադրված տվյալներից, որ այդ քահանաները գործողություններ են կատարել, որոնք կարող են հանցագործություններ լինել՝ ինչպես քաղաքացիական ոլորտում, այնպես էլ՝ կանոնական»,- նշվում է փաստաթղթում: Հաղորդվում է նաեւ, որ թեմը նախկինում արդեն դիմել էր դատախազություն:

Անցյալ շաբաթ չիլիական «Տրեսե» հեռուստաալիքը հայտարարել էր իր հետաքննության արդյունքների մասին, որի ընթացքում լրագրողները պարզել էին, որ Ռանկագուա քաղաքի մի քանի քահանաներ անպարկեշտ նամակագրություն են վարել անչափահասների հետ եւ կարող էին սեռական բնույթի գործողություններ կատարել երեխաների եւ դեռահասների նկատմամբ:

Ավելի վաղ Չիլիի եպիսկոպոսները կոլեկտիվ հրաժարականի միջնորդություն էին ներկայացրել Հռոմի Պապին՝ Չիլիի կաթոլիկ քահանաների շարքերում մանկապղծության վերաբերյալ սկանդալի կակապցությամբ: Դրվագներից մեկը կապված է եպիսկոպոս Խուան Բարոսի գործի հետ, ով կասկածվում է իր ենթակայության տակ գտնվող մանկապիղծ քահանայի գործողությունները պարտակչելու համար: Ինքը՝ եպիսկոպոսը, հայտարարում է, որ տեղյակ չի եղել հանցագործությունների մասին: