Կալիֆոռնիայի դատարանը նախկին խորհրդային հանրապետությունների երկու քաղաքացու մահապատժի է դատապարտել 5 մարդու սպանության համար: Ինչպես հաջողվել է տեղեկանալ «Սլավոնական Սակրամենտո» պարբերականին Կալիֆոռնիայի Դաշնային դատարանում, ռուսաստանցի Յուրի Միխելի եւ լիտվացի Յուրիուս Կադամովասը սպանված հինգ անձանց մարմինները նետել են Յոսեմիթե ազգային պարկի ջրամբարի մեջ:

Հինգ ամիս տեւած դատավարությունից հետո նրանք մեղավոր են ճանաչվել մի քանի դաշնային հանցագործության համար, այդ թվում՝ 2001-ից 2002 թվականներին պատանդ վերցնելու մի քանի դեպքի, ինչը հանգեցրել է առեւանգվածների մահվան:

Ատենակալները միաձայն կողմ են հանդես եկել երկու ամբաստանյալի մահապատժին: Ամբաստանյալներն օտարերկրյա քաղաքացիներ են. Միխելը ռուսաստացի է, իսկ Կադամովասը՝ լիտվացի: Հանցագործությունները կատարելու ընթացքում երկուսն էլ ապրում էին Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգ:

Տարբեր ժամանակահատվածներում նրանց օգնել են Պետրո Կրիլովը, Այնար Ալտմանիսը, Ալեքսեյուս Մարկովսկիսը եւ Նատալյա Սոլովյովան: Ալտմանիսը, Մարկովսկիսը եւ Սոլովյովան ավելի վաղ իրենց մեղավոր էին ճանաչել եւ վկայություններ էին տվել դաշնային դատարանում: Կրիլովը մեղավոր էր ճանաչվել առանձին դատական գործընթացում: