ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ահաբեկիչներին Սիրիայում՝ չնայած այդ օգնությունը կրճատելու կամ դադարեցնելու մասին հայտարարություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը:

Շաբաթ օրը ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էին, որ Միացյալ Նահանգները դադարեցրել են օգնության ծրագրերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որտեղ գործում են հակակառավարական ուժերը եւ Թուրքիան: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս տարածաշրջանում ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ են հատկացվել «տեղի հասարակության կայունացման», «անկախ հանրությանը եւ ԶԼՄ-ներին աջակցության», ինչպես նաեւ կրթության եւ արմատականության դեմ պայքարի համար:

«Ես կարծում եմ, որ ահաբեկչական խմբերի թթվածինը ստացվում է Միացյալ Նահանգներից»,- հայտարարել է Միքդադը: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ընդդիմությանը ցուցաբերվող աջակցության կրճատման կամ դադարեցման մասին այսպիսի հայտարարություններ Դամասկոսը բազմիցս է լսել դեռ «2011-ին ճգնաժամի սկզբից». «Խմբավորումներին այս ընթացքում հավելյալ ֆինանսավորում եւ զենք է մատակարարվում»:

Նրա խոսքով՝ սիրիական բանակը վերջերս Արեւելյան Գուտայի եւ Դամասկոսի Էլ Հաջար էլ Ասվադ թաղամասի ազատագրումից հետո արեւմտյան երկրներից եւ ԱՄՆ-ից մատակարարված զենքերի խոշոր պահուստներ է հայտնաբերել այնտեղ: