Ըստ էության, դուք խոստովանում եք, որ քաղաքական հետապնդում եք իրականացրել, երբ ձերբակալել եք ԱԺ պատգամավորներին, ու քաղաքական դրդապատճառներով էլ դադարեցրել եք հետապնդումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Դուք ինքներդ ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, ինչ է լինելու ձեր վիճակը, ինչպես ենք շարունակելու աշխատել ձեզ հետ»,-ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով, որ գլխավոր դատախազն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ է վերցրել, քանի որ իրեն այդ մասին խնդրել է այն ժամանակ առաջին փոխվարչապետ  Կարեն Կարապետյանը:

Նա նաեւ անդրադարձավ դատախազի հայտարարությանը, թե քաղբանտարկյալ համարվող անձանց գործերով կարելի է քննարկել «իրադրության փոփոխության» հարցը.  «Դուք ասում եք, որ փաստորեն այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվել իշխանությունների կողմից. «Ասում եք, քանի որ էդ պաշտոնյաները չկան, իրավիճակ է փոխվել, դրա համար այդ մարդկանց կարող ենք բաց թողնել: Այսինքն էդ պաշտոնյաներն էին մեղավոր, որ էդ մարդկանց քրեական հետապնդման էիք ենթարկում: Եթե նրանք չլինեն, չի լինի նաեւ քրեական հետապնդում.,-ասաց Մարուքյանը:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Թույլ տվեք իմ վիճակի բարդության կամ պարզության վերաբերյալ դուք հետեւություններ չանեք: Բացի այդ, եթե դուք այդ հետեւություններ անելու ենք նույն ձեւով, ինչպես հարցերը նենգափոխելով եք ներկայացնելու, պարզ է, որ դա չի կարող օբյեկտիվ արձագանք ստանալ օբյեկտիվ դիտորդի մոտ: Այդ աստիճան նենգափոխել իմ խոսքը եւ ասել՝ այն պաշտոնյաներն էին մեղավոր, որ մարդիկ ենթարկվեցին քաղաքական հետապնդման, ես ձեզ ընկերաբար խնդրում եմ հետո նայեք ու համադրեք ձեր տված հարցն ու իմ տված պատասխանը:

Ես ասում եմ՝ մարդիկ գործողություններ են կատարել, կոչեր են հնչեցնում մատնանշելով կոնկրետ պաշտոնատար անձի: Սա չի նշանակում, որ այդ մարդիկ հետապնդման են ենթարկվել, նրանք կատարել են հանցագործություն: Այսօր էլ այդ գործողությունները կատարեն, այդ կոչերը հնչեցնեն, դա այսօր էլ քրեական հանցագործություն է:

Ես ասում եմ՝ իրադրության փոփոխությունն անձանց վտանգավորությունը նվազելու շանսեր ունի, բայց կոնկրետ անձի, կոնկրետ գործողության մասով պետք է քննարկում լինի: Սա իրադրության փոփոխության ինստիտուտն է»:

Մարուքյանն էլ նկատեց, որ ինքը չի նենգափոխում, առերեսում է իրականության հետ, որից դատախազը «նյարդայնանում է»: