ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կքննվի այն ժամանակ, երբ Վճռաբեկ դատարանը գործով բողոքը վարույթ ընդունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

«Մենք դեռ մեկ ամիս առաջ դիմել ենք Վճռաբեկ դատարան, այնուհետեւ խափանման միջոցը փոխելու միջնորդություն ենք ներկայացրել եւ ԱԺ 2 պատգամավորների երաշխավորությունը, սակայն Վճռաբեկը դեռ վարույթ չի ընդունել: Միայն վարույթ ընդունելուց հետո մեր միջնորդությունը կքննարկվի»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը 3 ամսյա ժամկետում է վարույթ ընդունում կամ մերժում բողոքը վարույթ ընդունել:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան: Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հայտարարում է, որ կեղծ մեղադրանք են իրեն  առաջադրել:

Նշենք, որ Սամվել Բաբայանի աջակիցները մի քանի օր բողոքի ակցիա իրականացրեցին Վճռաբեկ դատարանի շենքի մոտ՝ պահանջելով  ազատ արձակել Սամվել Բաբայանին:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանն էլ միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի: