Ցանկացած քրեական գործով ձերբակալումներ, կալանավորումներ կատարելու համար հիմք է պետք: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքին, թե «զիբիլիքսի» գործով պետք էր մարդկանց ձերբակալել ու կալանավորել, ոչ թե ձեւական ցուցմունքներ վերցնել ու գործը կարճել:

«Երբ կլինեն հիմքեր, կգործադրվեն նման միջոցներ, չեն լինի՝ չեն գործադրվի: Խափանման միջոցները պետք է կիրառվեն, հակառակ պարագայում՝ չենք կարողանա բացահայտել դրանք»,- նշեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ երբեք իրենք խնդիր չեն դրել խոստովանական ցուցմունք չտվողին կալանավորել, իսկ ցուցմունք տվողին ազատել կալանքից, քանի որ կալանավորումն ունի հստակ հիմքեր:

Անդրադառնալով դատախազության աշխատանքին, Արթուր Դավթյանը նշեց, որ բարձր է գնահատում անցած տարի քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված աշխատանքը. «Այդ աշխատանքը գիշերները չքնելու, սպառնալիքներին անհաղորդ մնալու, բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է: Մենք ունեցել ենք 2017-ի ընթացքում կոռուպցիոն այնպիսի բացահայտումներ, որոնք նախադեպը չեն ունեցել: Ես չեմ ասում, որ սրանով մենք ամբողջությամբ արմատախիլ ենք արել կոռուպցիոն, բայց մեր ձեռքբերումները հիմք են տալիս ոգեշնչվելու եւ շարունակելու մեր գործը»:

Ինչ վերաբերում է «մարտի 1»-ի գործին, գլխավոր դատախազը նշեց, որ նախաքննությունն ընթացքի մեջ է. «Ներկայումս շատ ակտիվ գործողություններ են իրականացվում տեխնիկական նոր հնարավորությունների օգտագործման համար: Վստահեցնում եմ, որ այդ գործում կա բավականին կարևոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է տեխնիկական ձեռքբերումներով:

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հետ կապված նախ պետք է դրա համար լինեն հիմքեր: Վարությ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ում հարցաքննել: Եթե դա պետք է արվի, որ ցույց տանք, որ այդ տեսեք, հարցաքննվել է, դա վարույթին ոչինչ չի տա: Առաջիկայում այս գործով հնարավոր է ունենանք արդյունքներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք կունենանք քննության հետ համագործակցող անձինք»:

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաեւ իր հրաժարականի պահանջին՝ նշելով. «Ես ստանձնել եմ իմ պաշտոնը Սահմանադրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն եմ ստանձնել պետության, ժողովրդի առջև: Քանի դեռ ես գտնում եմ, որ իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու ներուժ ունեմ, դրանք կատարում եմ»: