«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են, ամեն գնով դրանք պետք է տեղի ունենան, իսկ Հանրապետական կուսակցությունը բարոյական իրավունք չունի արգելք դառնալ այդ ընտրություններին: NEWS.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ դավադրություն անողներն արդեն հեռացել են ասպարեզից, եւ ընտրության միջոցով պետք է ձեւավորեն իշխանություն:

Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ ընտրությունների դեպքում իրավիճակ փոխվի, օրինակ՝ ի հայտ գան այլ թեկնածուներ, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը, որի գլխավորած խմբակցությունից արդեն իսկ հայտարարություներ կան, որ իրենք հավակնում են բացարձակ մեծամասնության, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Դա կերեւա ժողովրդի ընտրության արդյունքում, ես գուշակ չեմ, ժողովուրդը պիտի ընտրի՝ ով կդառնա մեծամասնություն, ով՝ փոքրամասնություն: Դավադրություն անողները գնացել են արդեն: Հանրապետական կուսակցությունը բարոյական իրավունք չունի, որ արգելք դառնա ժողովրդի ընտրությանը: Իսկ Ծառուկյանի թեկնածության մասով Ծառուկյանին պետք է հարցնեք»:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություները բոլոր, դեպքերում, պիտի կայանան: «Վերջիվերջք՝ Հանրապետականն էլ պիտի հասկանա, որ ինչ ճնշման ուժի ու ընտրակաշառքի արդյունքում են մտել խորհրդարան, եւ այս ամեն ինչից հետո շարժումը ցույց տվեց, որ ժողովուրդը չգիտեմ ինչից պրծավ: Իրանք պիտի գիտակցեն ժողովրդի ճնշումը: ՀՀԿ-ն էլ պիտի գիտակցի, որ ճիշտը երկիրդ ռելսերի վրան դնելն է, ինչը խաթարվել է իրենց կողմից, իրենք բարոյական իրավունք չունեն արգելանք դառնան ժողովրդի ընտրությանը»,- ասաց պատգամավորը:

Սասուն Միքայելյանը հավելեց նաեւ, որ դեռեւս հայտնի չէ՝ ընտրություններին մասնակցելու են «Ելք» դաշինքով, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: