Դրամավարկային քաղաքականությունն այնպես է կառուցված, որ տնտեսությանը նպաստող բոլոր պայմանները գրեթե բացառում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկելու ժամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Հարկային համակարգի մի բարձր պաշտոնյա ինձ հետ զրույցում ասաց՝ եթե գործարարը շահույթ է ստանում, ուրեմն օրենք է խախտում, որովհետեւ մեր հարկային համակարգում որեւէ գործարար չի կարող շահույթ ստանալ: Այսինքն՝ մեր հարկային համակարգն այնպես են կառուցել, որ գործարարը պետք է հանցագործություն կատարի, որ շահույթ ստանա: Այս կոնցեպտը դրվում է գործարարության հիմքում, որի արդյունքում այսօր 350 անուն պետք է հնչեցվի»,- հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ այդ ճգնաժամը ինչ-որ կերպ բանկային համակարգի կողմից կարգավորվում է, բայց դա բավարար չէ արդար, տնտեսություն սպասարկող բանկային համակարգ ունենալու համար:

«Տնտեսության բազմաթիվ ոլորտներ, լինելով մենաշնորհված, թյուրիմացության մեջ կարող են գցել բանկային համակարգին: Այսինքն ցանկացած գործարար, որ ունի մենաշնորհ եւ տարիներ շարունակ երաշխավորված ամիսը 100 հազար դոլար շահույթ է ունեցել եւ ամսական բանկից ստացել է 10-20 մլն դոլարի վարկային ռեսուրս, միանգամից նոր իրողությունների պայմաններում հայտնվելու է կոտրած տաշտակի առջեւ: Մենք շատ շուտով խնդիրներ ենք ունենալու, քանի որ այլեւս մենաշնորհի տերերը մենաշնորհատեր չեն լինելու եւ չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը»,- նշեց Սերգեյ Բագրատյանը: