Մենք բոլորս պիտի հասկանանք, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի իրավական հանգուցալուծումը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե արտահերթ ընտրությունների հետ կապված Արարատ Միրզոյանը խոսել է 6 ամսից մինչեւ 1 տարվա մասին, արդյո՞ք դա ռեալ ժամկետ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. ««Բարգավաճ Հայաստանը» հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ մինչ ընտրությունները մենք իրավական մի քանի խնդիրներ պետք է լուծենք, մասնավորապես՝ Ընտրական օրենսգիրք, ռեյտինգային՝ տարածքային ցուցակների հանում, միասնական մատնահետքի շտեմարանի ներառում կամ որեւէ այլ մեխանիզմ, որը կբացառի կրկնաքվեարկությունը»:

Պատգամավորը նշել է, որ իրենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկում են ԸՕ-ի բարելավման մեխանիզմները, կոնկրետ դրույթներ, որոնք հնարավոր է այս կարճ ժամկետում ներառել օրենսգրքում, եւ երոնք հնարավորություն կտան բացառել հայտնի եւ անհայտ ընտրակեղծարարության բոլոր գործիքները:

«Եթե իսկապես լինի ցանկություն, քաղաքական ուժերի կոնսենսուս, միանշանակ, մինչեւ հուլիս՝ մինչեւ խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը, հնարավոր է ավարտել ԸՕ-ն, նախապատրաստվել: Մեզ համար ցանկացած ժամկետ ընդունելի է, թեկուզ հենց վաղը: Բայց մենք հասկանում ենք, որ խնդիր ենք ունենալու մնացյալ քաղաքական ուժերի համաձայնության հետ: Ես իրատեսական եմ համարում աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ արտահերթ ընտրությունների, նրա հավաստմամբ, գնում են՝ խորհրդարանում մեծամասնություն վերցնելու մտադրությամբ:

««Բարգավաճ Հայաստանն» ունի բոլոր իրավասությունները, իրավունքները, հաշվի առնելով իր հանրային վստահությունը, մեր առաջնորդի հանրային մեծ վստահությունը, հաշվի առնելով մեր այս տարիների քաղաքական կշիռը, վարկանիշը, մենք, այո՛, հավակնում ենք եւ մեր նշաձողը, ինչպես եղել է 2007-ին, 2012-ին եւ 2017-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ մեր ընտրողների բացարձակ մեծամասնության ձայները ստանալն է»,- հայտարարել է  «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք համարում է, որ ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանը, Զոհրաբյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենաբարձր քաղաքական ռեյտինգ ունեցող գործիչներից է: Եթե որեւէ մեկն այդ վարկանիշը կարող է կասկածի տակ դնել, ես մեծապես կզարմանամ: Հիմա չեմ ցանկանում վարկանիշների պայքար ու մենամարտ սկսել: Կլինեն ընտրությունները, կտեսնենք արդյունքները»: