Ճանապարհային ոստիկանությունը բողոքում է փողոցներում եւ ճանապարհներին տեղադրված ճանապարհային տեսահսկման տեխնիկայի վնասման դեպքերից։

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ վերջին օրերին տեսախցիկների եւ արագաչափերի կողմից արձանագրվել է խախտումներ, որոնք, ըստ ամենայնի, կապված են տարածված լուրերի հետ, իբրեւ թե, տեսախցիկների ու արագաչափերի չեղարման մասին։ «Ոմանք հնարավոր է սխալ են հասկացել եւ որոշել են, որ կարելի է խախտումներ անել»,–նկատել է Խաչատրյանը։

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արման Չիլինգարյանը, պատասխանելով շարժական արագաչափերի մասին հարցին, նշել է, որ ՃՈ–ն ոչ միայն տեղյակ է, որտեղ են դրանք գտնվում ժամանակի ինչ–որ պահին, ավելին արագաչափերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է գտնվեն ՃՈ հանձնարարությամբ։ Նրա խոսքով՝ վերջին օրերին արձանագրվել են տեսախցիկների վնասման դեպքեր, այդ թվում՝ դրանց վրա կրակել են։ 3 սարք էլ ընդհանրապես գողացել են. «Դա պետական սեփականություն է եւ այդպիսի գործողությունները վնաս են հասցնում նաեւ պետությանը»,–նկատել է ՃՈ ներկայացուցիչը։