ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը եւ առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաեւ նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից եւ կեռասից:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) եւ ոսկեգույն ստաֆիլակոկկ ցուցանիշներով: Ջրից եւ կեռասից վերցված նմուշներում որեւէ շեղում չի հայտնաբերվել:

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) – Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Դրանց կենսագործունեության հիմնական միջավայրը մարդու եւ կենդանիների աղեստամոքսային տրակտն է, ուստի համարվում են ֆեկալ աղտոտվածության ցուցիչներ, այլ կերպ ասած՝ «կեղտոտ ձեռքերի եւ սպասքի» ցուցանիշ:

Աճի եւ զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է +370C-ը, ոչնչանում են +600C-ի պայմաններում 10-15 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:

Մեզոֆիլային աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) - Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Խմբի մեջ ներառված են տարբեր խմբի միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում, ինչպես նաեւ գոյատեւում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, սարքավորումների մակերեսին: Աճի եւ զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է 35-370C-ը, ոչնչանում են +800C-ի պայմաններում 30 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում ՄԱՖԱՄ-ի հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:

Ոսկեգույն ստաֆիլակոկկ - Լայն տարածում ունի շրջակա միջավայրում, մարդու եւ կենդանիների լորձաթաղանթների վրա: Ակտիվ բազմանում են թթվածնի բացակայության՝ անաէրոբ, +30-400C ջերմաստիճանի պայմաններում, ոչնչանում են +800C-ի պայմաններում 10-20 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:

Նշված մանրէաբանական անհամապատասխանությունները կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ, որի բնորոշ հատկանիշներն են գլխացավը, գլխապտույտը, ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, դիարեան (լուծ), երբեմն՝ հոդացավը: Սննդային թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես ախտածին մանրէները, այնպես էլ դրանց կենսագործունեության ընթացքում արտադրված տոքսինները (թույները):

Լաբորատոր փորձաքննության ընթացքում ստուգվել է նաեւ ախտածին սալմոնելաների, միկրոօրգանիզմների առկայությունը ինչպես դասական մանրէաբանական, այնպես էլ ԻԺ-ՊՇՌ մեթոդներով, քանի որ եթե դասական մեթոդի պայմաններում հայտնաբերվում են միայն կենսունակ միկրոօրգանիզմները, ապա ԻԺ-ՊՇՌ մեթոդը հնարավորություն է տալիս հայտնաբերելու նաեւ տվյալ միկրոօրգանիզմին բնորոշ գենային հաջորդականությունը (ԴՆԹ-ն)՝ անկախ կենսունակությունից: Այսինքն՝ տվյալ մանրէն հայտնաբերվում է նաեւ ոչ կենսունակ վիճակում, օրինակ՝ ջերմային մշակումից հետո: Տվյալ դեպքում նույնիսկ գենային հաջորդականություն չի հայտնաբերվել:

Ծառայության մասնագետները շարունակում են վերահսկողական գործողությունները նաեւ «ԱլկաՖուդ» եւ «Միլեռոն» ՍՊԸ-ներում, որոնք, ինչպես պարզվել էր հետագծելիության սկզբունքով, Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարողներն են: