Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակնկալում է ներգրավել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մեջ համանախագահների հետ։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ–ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝  պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին՝ փոխվել է արդյոք Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում եւ պատրաստ է ԱԳՆ ներկայիս ղեկավարությունը հետեւել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մնացականյանի խոսքով՝ նրանց համար շատ կարեւոր է այդ գործընթացի դինամիկան պահպանել, որովհետեւ դրա հիմքում դրված է հանձնառությունը շարունակել խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Դա արտահայտվել է ե՛ւ վարչապետի կողմից ե՛ւ տարբեր առիթներով մեր կողմից։ Մեզ համար շատ էական է դինամիկան պահպանելը։ Մենք պայմանավորվեցինք, որ մոտակա ժամանակներս մեզ հնարավորություն կտրվի հանդիպել եւ վերականգնել ամբողջ գործընթացը»,–ասել է ԱԳ նախարարը։

Միաժամանակ, նա  նշել է, որ իրենք հնարավորություն ունեցել են խոսելու  համանախագահների հետ, եւ արդեն կապի մեջ են այն առումով,  որ հեռախոսազրույց են ունեցել։