Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած զինծառայող Համլետ Գրիգորյանը Երեւանից էր, մեկ տարվա զնծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էրեբունու զինկոմիսարիատից:

Համլետ Գրիգորյանը տան միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր մեկ քույր: Մահացած զինծառայողի ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, հայրն ու մայրը չեն աշխատում:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով  (Ինքնասպանության հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: