Դեռ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ «Ելք» դաշինքը հայտարարությամբ էր հանդես եկել՝ կոչ անելով կողմերին քաղաքական կամք ցուցաբերել եւ ստորագրել այդ համաձայնագիրը: Այս մասին մայիսի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի հարցին, թե ինչպես է իրականացվելու ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով՝ հարցի շուրջ քննարկումների ամբողջ ընթացքում «Ելք» դաշինքը կողմ է հանդես եկել այս նախաձեռնությանը եւ քվեարկել է վավերացման օգտին: «Դուք բոլորդ գիտեք, որ Հայաստանը վավերացրել է այս համաձայնագիրը, սակայն ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացը շարունակվում է: Մենք կապ ենք պահպանում մեր եվրոպական գործընկերների հետ, եւ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է», - ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ նոր իշխանությունները եւս ակտիվորեն աշխատում են ԵՄ-ի կողմից Հայաստանին ֆինանսական աջակցության ցուցաբերման ուղղությամբ: