Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին չի մտահոգում իրեն խմբակցությունից հեռացնելու հարցը: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պնդեց նախկին դիրքորոշումը՝ աշխատելու է այն սկզբունքով, որով առաջնորդվելով՝ քվեարկեց ժողովրդի առաջադրած թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: 

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորն էր, որ մայիսի 1-ին  քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին: Ըստ Հանրապետական կուսակցության կանոնակարգի, եթե խմբակցության պատգամավորը երեք անգամ խմբակցության դիրքորոշման հակառակ է քվեարկում, հեռացվում է խմբակցությունից: Օրերս  խմբակցության նիստում Ցոլակյանին զգուշացրել են այս մասին:

Մեզ հետ  զրույցում պատգամավորն ասաց, որ  շարունակելու է աշխատել իր խղճի թելադրանքով, եթե անգամ իրեն հեռացնեն խմբակցությունից:

«Հեռացնելու հարցը ինձ չի մտահոգում: Նորմալ եմ նայում, դա կուսակցության դիրքորոշումն է: Ես իմ տեսակետն ունեմ այս ամենի մասին եւ չեմ կարող իմ բռնած գծից շեղվել: Ես ոչ թե անձնավորելով եմ քվեարկել, այլ այդ իրավիճակից ելնելով,  ես առաջնորդվել եմ հանունով, ոչ թե ընդդեմով: Եթե նույն իրավիճակը կրկնվի, էլի նույնը կանեմ: Ես առաջնորդվել եմ իմ խղճի թելադրանքով: Դա պատգամավորի հիմնական առաքելություններից մեկն է, չեմ փոշմանել դրա համար»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանն՝ ընդգծելով, որ  Փաշինյանին կողմ քվեարկելը իրեն չի պարտավորեցնում նրա գլխավորած կառավարության  բոլոր նախագծերին կողմ քվեարկել:

«Այնպես չի, որ կառավարությունը ինչ նախագիծ բերի, պիտի կողմ քվեարկեմ, եթե նախագիծը չի համապատասխանի այն չափանիշներին, որ արժեք եմ համարում, չեմ քվեարկի, կապ չունի՝ ով է ներկայացնողը»:

Նա դժվարացավ ասել, թե ինչպես է քվեարկելու  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որը կառավարությունը շուտով կներկայացնի Ազգային ժողով: Նախատեսվում է փոխել տարածքային ընտրացուցակների դրույթը եւ անցնել բացարձակ համամասնական ընտրակարգին: Ցոլակյանը մեծամասնական ընտրակարգին է կողմնակից, որը  ոչ կուսակցական թեկնածուներին հնարավարություն կընձեռի առաջադրվել որեւէ ընտրատարածքում: Պատգամավորը խոստացավ Ընտրական օրենսգրքի  փոփոխության մասին հստակ կարծիք հայտնել միայն նախագծի պատրաստ լինելու դեպքում: