Հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել: 20-ամյա Մարտին Խաչատրյանի մարմինը գտել են Հայաստանի հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Խաչատրյանը զորակոչվել է 2017 թվականին, Գյումրիի զինկոմիսարիատից: Դեպքի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդվում:

Ազգային ժողովի այսօրվա նիստը բուռն է սկսվել: Նախօրեին քննարկված հարցերը քվեարկության դնելիս Ազգային ժողովի խոսնակն առաջարկել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը քննարկել հատուկ ռեժիմով, այսինքն՝ այսօր: Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկել է օրինագիծը երկրորդ ընթեցմամբ քվեարկության դնել դարձյալ այսօր: Սա զայրացրել է Նաիրա Զոհրաբյանին եւ վիճաբանություն հրահրել:

Գործընկերներին օգնության է հասել Գեւորգ Կոստանյանը. բացատրել է, որ այս օրինագիծն անհրաժեշտ է, որպեսզի դրա կարգավորման ազդեցությունը հնարավորինս շուտ տարածվի վաղաժամ պայմանական ազատ արձակմանը սպասող կալանավորիների վրա: «Ելք»-ից Սասուն Միքայելյանը հեգնել է. իսկ «մինչեւ հիմա Ձեր ձեռը չէ՞ր»:

Խորհրդարանի միջանցքներում նույնպես այսօր ակտիվ է եղել: Միհրան Պողոսյանին լրագրողները հարցրել են Ուլնեցի փողոցում ակցիայի ընթացքում տեղի ունեցած բռնությունների գործով իր օգնականի ձերբակալության մասին: Պատգամավորը հույս է հայտնել, որ շուտով ամեն ինչ կպարզվի, եւ կոչ արել զերծ մնալ վենդետաներից: Նոր կառավարության կազմավորումից հետո տարակուսանք ու բազմաթիվ քննադատություններ հնչեցին. գործադիրի որոշ անդամներ չափազանց երիտասարդ են ու անփորձ: Սեյրան Սարոյանի համար սա նորմալ է. անփորձ են՝ կսովորեն:

Իսկ նորակազմ կառավարությունը խորհրդարանում էր. այսօր հարցուպատասխանի օրն էր: Հարցերի մեծ մասն ուղղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ խմբակցությունից Միհրան Հակոբյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ համաձայնության շրջանակում են ձեռք բերվելու ՀՕՊ «ՏՈՌ» համակարգերը:

Արմեն Աշոտյանն էլ որոշել էր հաշվարկել, իր խոսքով, իշխանափոխության արդյունքում Հայաստանին տրամադրվող օգնության չափը: Վարչապետն էլ հակադարձել է. պետք է վերջ տալ ուրիշի ձեռքին նայելուց եւ սեփական՝ հայկական ռեսուրսներն օգտագործել, այդ թվում՝ ստվերում եւ օֆշորներում կուտակվածները:

Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է, որ պայքարի, որպեսզի Երեւանը չաղավաղվի: Չնայած պատգամավորի կարգավիճակում ավելի շատ լիազորություններ ու հնարավորություններ ունի, բայց ճիշտ է համարում պահպանել ավագանու անդամի մանդատը: Նա նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի անհրաժեշտությունն է տեսնում: Մանդատից հրաժարվելուց հետո սոցցանցերում Ալեն Սիմոնյանի հասցեին քննադատության ալիք բարձրացավ, կասկածներ հնչեցին, որ նա հստակ գիտի՝ զբաղեցնելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Սիմոնյանը հերքում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ելք» խմբակցությունում փոխարինած պատգամավորը, հիշեցնենք, երեկ առաջին անգամ մասնակցեց Ազգային ժողովի նիստին, երդվեց, իսկ արդեն երեկոյան հայտնեց մանդատից հրաժարվելու մասին: Չնայած դրան՝ այսօր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում էր. մասնակցել է քննարկումներին ու քվեարկություններին: Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ նրա հրաժարականն ուժի մեջ կլինի յոթ օր անց, եթե մինչ այդ, իհարկե, հետ չվերցնի դիմումը:

«Սասնա ծռերի» գործով եւս մեկ նիստ մեկ շաբաթով հետաձգվեց: Նշենք, որ ամբաստանյալներին այսօր նիստերի դահլիճ չէին բերել. նախորդ դատական նիստին նրանք 10 ժամով հեռացվել էին: Ի նշան բողոքի՝ փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները լքել են դահլիճը: Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատողություն է արել պաշտպաններին: Իսկ դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան է ներգրավվել, եւ նրան գործի նյութերին ծանոթանալու ժամանակ է պետք: Հավելենք, որ մինչ այդ ոստիկանության ուղեկցող գումարտակը գրություն է ուղարկել այն մասին, որ «Սասնա ծռերի» գործով  ամբաստանյալներին մի քանի նիստերի դատարան չեն բերել, քանի որ քաղաքացիները շրջափակում են դատարանի շենքը:

Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունը երեկ երեկոյան վատացել է, նրան տարել են Մատենադարանի տարածքից: Նշենք, որ արդեն 29-րդ օրն է՝ Չուգասզյանը հացադուլ է անում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել եւ անցումային հանձնաժողովներ ստեղծել: Գարեգին Չուգասզյանը բժիշկների հսկողության ներքո է, սակայն գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ. մերձավորները չեն ցանկանում, որ նրան անհանգստացնեն: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված նախագահն ազատ է արձակվել մի քանի օր առաջ, «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի միջնորդությամբ: Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր  զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:

Ոստիկանությունն այսօր հայտարարեց երթեւեկության որոշ խախտումների համար վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության մասին: Այլ կերպ ասած՝ որոշ իրավախախտումների համար ճանապարհային ոստիկանությունն այլեւս չի տուգանի վարորդներին:

Հրավիրված ասուլիսում ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստել են՝ նորամուծությունների միակ նպատակը քաղաքացիների սոցիալական բեռը թեթեւացնելն է: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում վարորդների կուտակած տուգանքները ոստիկանությունը կների. հարցն արդեն քննարկվել է արդարադատության նախարարության հետ: Նախատեսվում է, ընդհանուր առմամբ, 13 մլրդ 700 մլն դրամի չափով տուգանքներ ներել: Ինչ վերաբերում է արագաչափերին. վերջին օրերին արագաչափեր են վնասվել, նաեւ արագաչափ սարքերի գողության 3 դեպք է եղել:

Նախօրեի վերելքից հետո եվրոն կտրուկ անկում է ապրել, էժանացել է նաեւ դոլարը: Մայիսի 23-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 83 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Մայիսի 24-28-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես կեսօրից հետո տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+14, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն: