Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը գնաճի վրա ժամանակավոր ազդեցություն ակնակալում բենզինի գների բարձրացումից, սակայն այն աննշան կլինի: Այս մասին 2018 թվականի Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնեկ է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Վլադիմիր Կոլիչովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք դեռ չենք հաշվել, բենզինի գները շատ չեն աճել: Ամենայն հավանականությամբ, գնաճի վրա որոշակի ազդեցություն կլինի, սակայն՝ այն մակարդակի սահմաններում, որը ԿԲ-ին թույլ կտա հասնել իր նպատակին (գնաճի մասով)»,- ասաց նա` պատասխանելով հարցին:

Վերջին ամսվա ընթացքում ռուսաստանյան բենզալցակայաններում բենզինի գինը բարձրացել է միջինում երկու ռուբլով: Շուկայում իրավիճակը կայունացնելու համար ՌԴ կառավարությունը որոշել էր նվազեցնել վառելիքի ակցիզային հարկերը: Միեւնույն ժամանակ, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նախազգուշացրել էր, որ գների իջեցում, միեւնույն է, չի լինելու եւ ձեռնարկված միջոցները բավարար կլինին միայն աճի տեմպերը դանդաղեցնելու համար: