ԱՄՆ նախագահի փոփոխությունը չի նշանակում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարելի է չեղարկել: Բրյուսելում կայացած Եվրոպական բիզնեսի գագաթնաժողովին այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Եթե դու պայմանագիր ես ստորագրել, ապա այն կգործի: ԱՄՆ նախագահը փոխվել է, սակայն համաձայնագիրը մնացել է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա միջազգային համաձայնագրերի սկզբունքն է: «Մենք պետք է կանխատեսելիություն ունենանք, հակառակ դեպքում, եթե վաղը համաձայնագրերը հնարավոր լինի չեղյալ հայտարարել, ոչ ոք բանակցություններ չի վարի միմյանց հետ»,- ասել է Մոգարինին:

Բարաք Օբամայի նախագահության տարիներին (2009-2017թթ.) ԱՄՆ-ն ակտիվ մասնակցություն ուներ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի նախապատրաստման գործընթացում, որը կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների վերացման եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ժամանակին սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման դիմաց:

Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ այս փաստաթուղթը կվերանայվի: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Վաշինգտոնի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Նա խոստացավ 90-180 օրվա ընթացքում  ոչ միայն վերադարձնել հները, այլ նաեւ նոր սահմանափակումներ կիրառել: