Երեւանում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում ծագող իրավական խնդիրները եւ այդ ոլորտում դատախազական հսկողության հիմնահարցերը» թեմայով աշխատաժողով:

Վերջինս ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թվականների ծրագրով նախատեսված միջոցառումներից առաջինն է:

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերների համատեքստում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առաջացող իրավական խնդիրների արդիականությանը, ներկայացրել են ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հիմնահարցեր եւ առաջարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:

Ընդգծվել է, որ հիմնվելով այս ոլորտում ունեցած փորձի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պարբերաբար գործուն միջոցներ են ձեռնարկվում մոտեցումները միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու ուղղությամբ:

Միջոցառման մասնակիցներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա կարեւորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ ձեւավորված բարձր մակարդակի համագործակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագրերի կարեւորությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է, նախորդ 4 ծրագրերը հաջողությամբ իրականացվել են եւ նպաստել դատախազների միջեւ փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները ընդգծել են նման ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը եւ համակարգերի առավել սերտ համագործակցությանը: