Իշխանության բաշխումը լիազորված կառույցների միջեւ շատ կարեւոր է պետության ամրության տեսանկյունից: Այս մասին  մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Քաղաքացիների վստահությունը ապահովելու, ուժեղ պետություն կառուցելու համար մի քանի հիմնական խնդիր գոյություն ունի: Դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է տարբեր մարմինների միջեւ, այս դեպքում, հավանաբար՝ Ազգային ժողովի, կառավարության եւ նախագահի միջեւ: Որքան այն ավելի միասնական, տրամաբանական եւ Սահմանադրության համաձայն է բաշխված, այնքան համակարգն ավելի կայուն է»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած կառավարության կամ պետական կառույցի համար շատ կարեւոր է համակարգերի ստեղծումը, որոնք արտացոլում են հանրության կարծիքը եւ հնարավորություն են տալիս հստակեցնել, ստուգել, հետեւել եւ ուղղել պետական կառույցների գործողությունները: «Եթե մենք կարողանանք իրականացնել այս ամենը եւ յուրաքանչյուր բնակիչ քաղաքացի լինի ամեն օր՝ ոչ միայն բողոքի ցույցի դուրս գալով փողոց, ապա մենք կարող ենք վստահ լինել, որ մեր պետությունն ամուր է»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Խնդրանքին մեկնաբանել ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության խախտման մասին, Արմեն Սարգսյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել քաղաքական գործիչների հայտարարությունները, դա, ըստ նրա, նախագահի լիազորությունների մեջ չի մտնում: «Մինչ այժմ ես պաշտոնական բողոքներ չեմ ստացել այդ հարցի վերաբերյալ»,- հավելեց Սարգսյանը: