ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել եւ վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ն.-ն 08.05.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է տվել, որ 07.03.2018թ.-ին Աշտարակ քաղաքի փողոցներից մեկի երթեւեկելի երկրորդ գոտում իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների հետ, որոնք իրեն պատժելու նպատակով բռնություն գործադրելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Բացի այդ,  ճանապարհին ոստիկաններից մեկը ավտոմեքենայի մեջ հարվածել է իրեն, իսկ երբ հասել են ոստիկանության Աշտարակի բաժին, ոստիկանության մեկ այլ պաշտոնատար անձ բարձր խոսելու համար արդեն ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել իրեն: