Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լյովա Վահրադյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է, թե ֆեյսբուքում իր անվամբ բացված էջից տեղյակ չի եղել։

Հիշեցնենք, որ  Վահրադյանի պաշտոնը զբաղեցնելուց ժամեր անց  ֆեյսբուքում էջ էր բացվել նրա անվամբ, որտեղ  պաշտոնը նշվել էր «կրթության եւ սպորտի» նախարար։ Սա   բուռն քննարկվեց եւ տպավորություն ստեղծվեց, որ նորանշանակ նախարարը պատկերացում չի ունեցել զբաղեցրած պաշտոնի մասին։

«Ես էդ էջի հետ կապ չեմ ունեցել։ Ես չգիտեմ՝ երբ ու ինչի համար է բացված եղել, որքան ինձ տեղեկացրել են, դա վաղուցվա նյութ է եղել։  Ձեր անուն ազգանունով կարող է էջ բացված լինել եւ դուք չիմանաք։ Էդ կեղծ էջը բացված է եղել շատ շուտ, որի հետ ես կապ չեմ ունեցել»,–ասել է նախարարը։ Մեր դիտարկմանը՝ որտեղից էին տեղեկացել, որ  ավելի ուշ ինքը նման պաշտոն է ստանձնելու, որ դրան նախորդել էր  այդ «կեղծ» էջը, նախարարը անարձագանք է թողել։  Ինչ վերաբերում է իր առաջիկա անելիքներին, ասել է, որ դրա մասին կխոսի կառավարության ծրագիրը հրապարակելուց հետո։