Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի դահլիճից 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակված Կարո Եղնուկյանը կարծում է, որ իր ազատ արձակումը կապված է թավշյա հեղափոխության հետ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո:

«Առաջին հերթին թավշյա հեղափոխությունը ժողովրդի սրտերում է եղել, ժողովուրդն է ազատ արձակվել: Եթե այս հեղափոխությունը չլիներ այսօր ես գրավով ազատ չէի արձակվի, դա միանշանակ: Այս մարսիկ սովորել են,որ դատախազը պետք է բերի մեղադրանքը, դատարանն էլ պեչատը դնի »,-ասաց նա:

Կարո Եղնուկյանը անդրադարձավ «Սասնա ծռերի» գործին եւ ասաց, որ  գործով ոստիկանների սպանությունը չի բացահայտվել, պետք է բացահայտեն, նոր մեղադրեն եւ ընդհանրապես «Սասնա ծռերի» գործը քննելիս պետք է դրդապատճառները քննել, նոր մեղադրանք առաջադրեն:

Կարո Եղնուկյանի կարծիքով իշխանությունները ցանկանում էին ահաբեկիչ պիտակը կպցնել «Սասնա ծռերին», սակայն դա նրանց չհաջողվեց:

«Երբ որ ես էլ սկսեցի խոսել, ասացին էս մարդը վտանգավոր է, եկեք իր բերանն էլ փակենք, եւ ինձ ձերբակալեցին: Հիմա «Սասնա ծռերին» կարող են մեղադրել զենք վերցնելու մեջ, դրա համար կա օրինական պատիժ, սակայն դա էլ քննարկելուց պետք է վերադառնալ դրդապատճառին, ինչը էս դեպքում չի քննարկվում»,- ասաց նա:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը ազատ արձակվելուց հետո  հայտարարել էր, որ այցելելու է արդեն մոտ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին եւ հորդորելու է նրան դադարեցնել հացադուլը, սակայն մինչեւ այնտեղ հասնելը Չուգասզյանին էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա խնդրանքից հետո Չուգասզյանը դադարեցրել էր հացադուլը:

Նշենք, որ Կարո Եղնուկյանի համար բազմիցս գրավի դիմաց միջնորդել էին ազատ արձակել, սակայն դատարանը այդ միջնորդությունները մերժել էր: