Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը: Այդ մասին Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը:

Նա նշել է, որ կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի կողմից ԳՀՀԾ-ից դուրս գալու  հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք խոսել ենք կիբերտարածության մեջ համատեղ աշխատանքի մասին՝ նկատի ունենալով համընդհանուր ընդունված միջազգային իրավունքի նորմերին, փոխադարձ շահերին եւ նախեւառաջ հանցավորության դեմ պայքարին հետեւելը», - ասել է Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, նրա խոսքով, բանակցություններին նշվել է Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտության կարգավորման կապակցությամբ Մինսկի համաձայնագրերի կատարման կարեւորությունը:

«Մենք անդրադարձանք Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտությանը, շեշտեցինք Մինսկի համաձայնագրերի կատարման կարեւորությունը՝ Ուկրաինայի ներքին ճգնաժամի կայուն, համապարփակ կարգավորման ապահովման համար», - ասել է Պուտինը:

«Ֆրանսիան մեր ավանդական գործընկերն է, որի հետ փոխշահավետ հարաբերությունները մեզ համար թանկ են: Փորձում ենք դրանք ակտիվորեն զարգացնել», — ասել է Պուտինը: