ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը, իրացնելով օպերատիվ տվյալները, «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում հայտնաբերել է շուրջ 185 մլն դրամի յուրացում: Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Սույնը հաշվի առնելով՝ դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ պարզաբանելու, թե ինչպե՞ս է ստացվել, որ վերահսկող մարմինը չի նկատել նման խոշոր յուրացումը:

Պարոն Գեւորգյան, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ լինելով վերահսկող մարմին՝ Երեւանի քաղաքապետարանը թույլ է տվել նման խոշոր յուրացումներ:

Նախ նշեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Համաձայն այդ պայմանագրի՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը հանդիսանում է պատասխանատու ստորաբաժանում, որն իրականացնում է հսկողություն պայմանագրի կատարման վերաբերյալ: Ոստիկանության հայտարարության մեջ նշված դեպքերը ներառված չեն պայմանագրում որպես հսկողության ենթակա ծառայություն: Ծառայությունները ներառում են թափառող յուրաքանչյուր կենդանու վնասազերծումը, որը, ըստ վնասազերծված կենդանիների թվի, հսկվում եւ ընդունվում է առեւտրի վարչության կողմից, իսկ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չի ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ:

«Յունիգրաֆ Իքս»-ում 185 մլն դրամի յուրացումներ են գտել