Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիսոփը կոչ է արել Մոսկվային պատասխանել Ուկրաինայում 2014 թվականի հուլիսին տեղի ունեցած MH17-ի կործանման շարունակվող հետաքննության տվյալներին, որոնք ներկայացվել են Համատեղ քննչական խմբի կողմից (ՀՔԽ), հաղորդում է «ՏԱՍՍ»՜-ը՝ վկայակոչելով ABC հեռուստաընկերությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը պետք է պատասխան տա հարցին, թե ինչպես է ժամանակակից հրթիռային զենքը Ռուսաստանի տարածքից տեղափոխվել Արեւելյան Ուկրաինա, օգտագործվել քաղաքացիական ինքնաթիռի ոչնչացման համար, ինչը հանգեցրել է 298 մարդու մահվան, որից հետո անմիջապես վերադարձվել է Ռուսաստան»,- ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Պատասխանելով հարցին՝ չի բացառվում արդյո՞ք Ավստրալիայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ավարտը, Բիշոփն ասել է. «Ես որեւէ հնարավորություն չեմ բացառում, սակայն չեմ զբաղվի մեր հետագա քայլերի մասին շահարկումներով: Մենք ուսումնասիրում ենք ՀՔԽ- ի նոր տվյալները, դիտարկում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները, ինչի համար կշարունակենք խորհրդակցությունները մեր գործընկերների եւ երկրների հետ, որոնց քաղաքացիները զոհվել են միջադեպի հետեւանքով»:

Հիշեցնենք, որ «Մալայզական ավիաուղիներ» ընկերության՝ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777  ինքնթիռը խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանի արեւելյան հատվածում. միջադեպի հետեւանքով զոհվել էր 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ, որոնք 10 տարբեր պետությունների քաղաքացիներ էին: Զոհերի թվում կար նաեւ 38 ավստրալացի: 

ՌԴ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով հետաքննության արդյունքները, հերքել էր բոլոր մեղադրանքները: