Այս պահին խորհրդարանը լուծարելու հիմքեր չկան: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Պատասխանելով ընտրական օրենսգրքում փոփոխությունների հնարավորության մասին հարցին՝ Արա Բաբլոյանը նշեց, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն:

Ըստ նրա՝ ժողովրդավարական մոտեցումները եւ Սահմանադրության պաշտպանությունը պահանջում են, որպեսզի բոլոր քայլերը համապատասխանեն հիմնական օրենքին եւ հակասահմանադրական գործողությունների նախադեպ չստեղծվի:

Եթե քաղաքական ուժերը փոփոխություններ կատարելու մասին համաձայնության գան, հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել, ասաց Բաբլոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր դիրքորոշման իրավունք ունի, որը կարող է փոխվել բանակցությունների եւ քննարկումների արդյունքում: Բաբլոյանը նշեց, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է եւ՛ մեկին, եւ՛ մյուսին, եւ արդեն հայտարարել է, որ կնպաստի բոլոր դրական փոփոխություններին: Հարցին, թե ինչպիսին կարող են լինել արտահերթ ընտրությունների արդյունքները, Բաբլոյանը նշեց, որ կանխատեսումներ անելն ու կարծիք արտահայտելը ճիշտ չէ:

Ինչ վերաբերում  է ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի փոփոխությանը, Արա Բաբլոյանը նշեց, որ նման հարց չի քննարկվում:

Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների «սրությունը» պարզելու փորձերին ի պատասխան Արա Բաբլոյանը նշեց, որ իրենց հարաբերությունները երբեք «սուր չեն եղել»: «Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահ, հավասար վերաբերմունք ունեմ բոլոր խմբակցությունների եւ պատգամավորների նկատմամբ, իսկ որպես խմբակցության անդամ քաղաքական դիրք ունեմ, որը համընկնում է կուսակցության կարծիքի հետ»,- ասաց Արա Բաբլոյանը: