Հյուսիսային Կորեան «շատ է ափսոսում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի հանկարծակի չեղարկման կապակցությամբ եւ կարծում է, որ այդ որոշումն ամերիկացի առաջնորդը կայացրել «կամքի պակասի կամ ինքնավստահության բացակայության պատճառով»: Այս հայտարարությունը մայիսի 25-ին հրապարակվել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կողմից (CTC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդագրության մեջ նաեւ պարզաբանվում է «թշնամանքը» ԿԺԴՀ-ի կողմից, որն էլ հանգեցրեց գագաթնաժողովի չեղարկմանը. Վաշինգտոնին վրդովեցրել էր Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չհվե Սոն Հիի վերջին հայտարարությունը, որում նա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին հիմար էր անվանել, ով թույլ էր տվել «լիբիական սցենարի» իրագործումը երկու երկրների հարաբերություններում: Փհենյանի կարծիքով՝ «մեծ զայրույթը եւ բացահայտ թշնամանքը, որոնց մասին հայտարարել էր Թրափը, իրականում միայն ԱՄՆ-ի վարքի պատասխանն էին»:

Բացի այդ, ԿԺԴՀ-ն իր պատրաստակամություն է հայտնել լուծել խնդիրը ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւով՝ սեղանի շուրջ նստած՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի նպատակն ու կամքն է անել ամեն ամեն ինչ Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության ապահովման համար:

Փհենյանը «հոգում բարձր է գնահատել նախագահ Թրամփին՝ նման որոշում կայացնելու համար. այդպիսի քայլի նախկինում որեւէ նախագահ չէր համարձակվել գնալ», նշվում է հաղորդագրության մեջ: Սակայն հանդիպման միակողմանի չեղարկումը անակնկալ էր երկրի համար, ինչի կապակցությամբ կառավարությունը «շատ է ափսոսում»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Թրամփը հայտարարել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպման չեղարկամ մասին: