ԱՄՆ-ի դատախազությունը Հայաստանի քաղաքացու եւ Ռուսաստանի քաղաքացու դեմ մեղադրանք է առաջադրել՝ ի շահ Rolls-Royce մեքենաշինական ընկերության փողերի լվացման եւ կաշառակերության համար:

62-ամյա Ազատ Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքացի է, նախկինում զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մարտիրոսյանը եւ Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Լեշկովը մեղադրվում են դավադրության եւ փողերի լվացման համար, հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը:

Գործը վերաբերում է Ղազախստանից Չինաստան գազատարի կառուցման համար սարքավորումների մատակարարման համար 145 մլն դոլարի պայմանագիր կնքելու փորձին: Գործի շրջանակում նշվում է նաեւ գազի եւ նավթային նախագծերի գծով խորհրդատու, Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսի անունը: Կոնտոգուրիսի դեմ եւս մեղադրանքներ են առաջադրվել անցյալ տարվա հոկտեմբերին փողերի լվացման համար: Օհայո նահանգում գտնվող Rolls-Royce-ի դուստր ընկերությունը մի քանի անգամ վճարումներ է կատարել նրա ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ գումարը կբաշխվի Ղազախստանի «ԿազՄունայԳազ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ, հաղորդում է Bloomberg-ը:

Ինչպես նշվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կայքում, բոլոր երեք ամբաստանյալները բնակվում են Միացյալ Նահանգներից դուրս: