ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:

Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ  Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ համագործակցության, ինչպես նաեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը:  Անդրադարձ է կատարվել նաեւ համագործակցության ընդլայնման ուղղություններին եւ հեռանկարներին, թե՛ մասնավոր հատվածում, եւ թե՛ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է ընթացիկ արդյունավետ գործակցությունը Եվրասիական զարգացման բանկի եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:

Նախարար Ջանջուղազյանը ողջունել է  մասնավոր հատվածում նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը:

Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության կողմից:  Հայաստանի Հանրապետությունը Բանկին միացել է 2009թ.:

Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը: