Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Կենտրոնի «Արա Հարությունյան. մոնումենտալ երեւակայում» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում իրականացված «Վերա-Երեւակայիր քանդակը» կրթական ծրագիրը:

«Վերա-Երեւակայիր քանդակը» կրթական ծրագիր, որն իրականացվել է Beeline-ի աջակցությամբ, նախատեսված էր 7 տարեկանից բարձր դպրոցականների եւ ընտանիքների համար:

Շուրջ 245 դպրոցականներ մասնակցել են ծրագրին եւ ծանոթացել խորհրդային  ժամանակաշրջանի ամենաականավոր հայ մոնումենտալ քանդակագործներից մեկի՝ Արա Հարությունյանի կյանքին ու գեղարվեստական ժառանգությունը, քննարկել եւ ուսումնասիրել են քանդակը որպես արվեստի տեսակ, եւ, վերաերեւակայելով քանդակագործի ընտրված ստեղծագործությունը, ստեղծել իրենց նոր պատումները դրանց շուրջ:

«Beeline-ը շատ է կարեւորում կիրթ եւ բազմակողմանի զարգացած երիտասարդության դաստիարակությունը Հայաստանում, քանի որ հենց նրանք են ստեղծելու մեր երկրի լավ ապագան։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան կենտրոնի ընտանեկան կրթական ծրագրերը մեծապես նպաստում են դրան՝ թույլ տալով մեր երեխաներին մոտիկից ծանոթանալ արվեստի հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Վերա-Երեւակայիր քանդակը» կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց Արա Հարությունյանի հաստոցային եւ մոնումենտալ քանդակների օրինակով ծանոթանալու քանդակին որպես արվեստի տեսակ, ինչպես նաեւ ժամանակակից մոտեցումների՝ ինտերակտիվ «քանդակաորսի», քննարկման եւ ստեղծագործական հատվածի շնորհիվ զարգացնելու իրենց քննադատական միտքն ու տեսողական ունակությունները»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: