ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 25-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին եւ պատրաստակամություն է հայտնել պահպանել եւ զարգացնել գործընկերային հարաբերությունները։

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:

Դիմիտրի Գվինդաձեն, շնորհավորելով Աշոտ Հակոբյանին նախարարի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ընդգծել է, որ հանդիպման նպատակը ծանոթանալն ու համագործակցության պատրաստակամությունը վերահաստատելն է։

ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը նախարարին է ներկայացրել բանկի աշխատանքի սկզբունքները, մինչեւ այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաեւ նշել է, որ նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը պատրաստ են մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։