ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրը կոչ են արել Ռուսաստանին պատասխանատվություն ստանձնել արեւելյան Ուկրաինայում MH17 ուղեւորատար ինքնաթիռի կործանման համար եւ օգնել ողբերգության հետաքննությանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես կոչ եմ անում Ռուսաստանին խոստովանել պատասխանատվությունը եւ ՄԱԿ-ի 2166 բանաձեւի համաձայն լիարժեք կերպով համագործակցել բոլոր այն նախաձեռնությունների շրջանակներում, որոնք ուղղված են պատասխանատուների բացահայտմանը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նա հիշեցրել է, որ «Նիդերլանդներն ու Ավստրալիան հայտարարել են, որ Ռուսաստանին պատասխանատու են համարում դերի համար, որ այն ունեցել է 2014 թվականի հուլիսի 17-ին MH17 օդանավի կործանման միջադեպի դեպքում»: Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ ինքնաթիռի վթարի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Ռուսաստանին ուղղված համանման կոչով հանդես է եկել նաեւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինինին: «Եվրամիությունը կրկին հայտարարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2166 բանաձեւին իր աջակցության մասին, որը պահանջում է, որպեսզի 2014 թվականի հուլիսի 17-ին MH17 ինքնաթիռի կործանման համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է Մոգերինիի հայտարարության մեջ: