Մեր երկրում հանդիպող կիսադատարկ դահլիճները նույնիսկ մշակութային իրադարձությունների ժամանակ խոսում է ճգնաժամի մասին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք կառավարության դերակատարումը տեսնում են ոչ թե մշակութային բովանդակության մեջ խառնվելու մեջ, ոչ թե որոշեն, թե մշակութային գործիչը ինչով պետք է զբաղվի եւ ինչպես, այլ մշակույթի ու մշակութային գործիչների հետ ՀՀ քաղաքացիների մշտական հաղորդակցությունն ապահովելու մեջ:

«Մի օրինակ կա, որը մտածում եմ, որ կարող է կոպիտ հնչել, բայց կարծում եմ բնորոշում է մեր վերաբերմունքը մշակույթի նկատմամբ՝ ինչպես կարելի է ապրել առանց լվացվելու, ըստ էության, այո եղել են ժամանակներ, որ դա հնարավոր է եղել, բայց  ժամանակակից աշխարհում դա արդեն հնարավոր չէ, դա արդեն բոլորովին ուրիշ բան է նշանակում: Մենք ուզում ենք, որ ՀՀ–ում այդպիսի ընկալում լինի, որ հնարավոր չլինի առանց մշակույթի ապրել, ոչ թե նրա համար, որ դրա համար կա պարտադրանք, այլ նրա համար, որ դա կյանքի կարգապահության, կյանքի մշակույթի, կյանքի ձեւի անբաժանելի մասն է»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիներից հաղորդակցվեն մշակույթի հետ, քաղաքացիները հաղորդակցվեն մշակույթի հետ. «Այո մենք շատ ենք լսել քննադատություն մշակույթի եւ նույնիսկ մշակութային գործիչների հասցեին, բայց մենք նաեւ ականատեսն ենք, որ Հայաստանի բեմերում ունենք իսկապես բարձր մշակույթ, ՀՀ թանգարաններում կան իսկապես արժեքավոր եւ բարձր նմուշներ, որ ՀՀ–ում ստեղծվում է արժեքավոր գրականություն, կան արժեքավոր կտավներ, արժեքավոր երգեր»: