Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Մհեր Գրիգորյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ  համագործակցության առավել ընդլայնման եւ խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է մեկ քառորդով,  ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել ընդլայնման հեռանկարի ու հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերն ու ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ ակնկալելով դրա հետեւողական զարգացումը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է խոսել Հայաստանի տնտեսական, դատաիրավական եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանին երկրի համար կարեւոր այս փուլում: