Այս պահին նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր ատոմակայանի կառուցման եւ նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել:

«Կարճ ժամանակ է, ինչ կառավարությունը ձեւավորված է եւ այս պահին, ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու համար»,-ասաց նա:

Լրագրողները հիշեցրին, որ նոր պաշտոնում իրեն՝ նախարարին, նախարարության աշխատակազմին ներկայացնելիս վարչապետն ասել է, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, նախարարը պատասխանեց. «Գիտեք ինչ, դա խորը մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու։ Մենք Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի համապատասխան քանակութամբ մեր ներքին շուկայի սպառման համար ունենք այսօր բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որեւիցե քննարկում, որոշում չկա: Կլինի՝ ես տեղյակ կպահեմ»:

Նախարարի խոսքով, նոր ատոմակայան կառուցելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն, բացի այդ, նաեւ անհրաժեշտություն էլ չունեն. «Դա չի նշանակում, որ այդ հարցերը քարացած են եւ փոփոխություն չի լինելու, ընթացքում կքննարկենք»:

Հարցին, թե եթե այդուհանդերձ որոշում կայացնի նոր ատոմակայան կառուցել, ինչ հզորություն է այն ունենալու, նախարարը պատասխանեց, որ կկառուցվի նույն հզորության ատոմակայան, ինչ հիմա կա: