Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նրա խոսքով, իրանական գազը սահմանի վրա, որ վերջին տվյալներով առաջարկվել է, 165 դոլար է (1000 խմ դիմաց-խմբ), իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով եւ պլյուս ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան նաեւ 27-28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան պարսկականը. «Բայց դա մեզ չի ստիպում, որ մենք քարացած նստենք եւ չշարունակենք բանակցությունները: Իհարկե, փորձելու ենք նաեւ էժան գազի աղբյուրներ փնտրենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սահմանին ռուսական գազի գինը 150 դոլար է, բայց բնակարաններում մարդիկ կրկնակի թանկ են վճարում, նախարարն արձագանքեց. «Ես որպես նախարար այս պահին այդ հարցի պատասխանը չեմ տա, որովհետեւ նման հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ես հաշվարկներին այս պահին չեմ տիրապետում: Իսկ սակագնի հետ կապված ՀԾԿՀ-ն ունի իր հաշվարկները»,-ընդգծեց Արթուր Գրիգորյանը: