ԱԱԾ-ն շարունակում է տեղեկություններ հրապարակել կոռուպցիոն բացահայտումների մասին: Հերթական գործով հարցաքննության են կանչվել Պետեկամուտների կոմիտեի նախագահի երկու նախկին տեղակալները: Ծառայությունը հանցավոր սխեմա է բացահայտել, որի միջոցով խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Հատկանշական է, որ ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը եւ պատասխանատու եւս երեք աշխատակիցներ ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանն այսօր Զինված ուժերի անձնակազմին է ներկայացրել Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Շտաբի նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը հանդիսավորությամբ Դավթյանին է հանձնել զինուժի ռազմադրոշը: Վարչապետը ներկայացրել է հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները եւ Արտակ Դավթյանից ակնկալիքները:

Էդմոն Մարուքյանն իրատեսական է համարում աշնանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Սակայն մինչ այդ, «Ելք» խմբակցության պատգամավորի խոսքով, դեռ խորհրդակցություններ պետք է անցկացվեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեն: Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետականը բաց է ցանկացած քննարկման համար, սակայն, Վահրամ Բաղդասարյանն Ընտրական օրենսգրքի փոփոխության եւ արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում:

«Ելք» խմբակցությունը մինչեւ հիմա ղեկավար չունի: Էդմոն Մարուքյանն ասել է՝ առաջիկա շաբաթվա ընթացքում այդ հարցն էլ կքննարկեն ու որոշում կկայացնեն: Նշել է, որ քննարկվում է նաեւ իր թեկնածությունը, ինքն էլ նորմալ է համարում Լենա Նազարյանի թեկնածությունը, որին խմբակցության ղեկավար է ցանկանում տեսնել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վահրամ Բաղդասարյանն ու Էդմոն Մարուքյանը ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակմանը եւ հնչած քննադատություններին: Մասնավորապես, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքում գրել էր, որ ամենապատասխանատու պաշտոնին նշանակվել է ամենաանպատրաստ գեներալը: Մարուքյանը սա նորմալ չի համարում:

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի աշխատանքը դադարեցվելու է. այստեղ լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ են մեկնարկում: Դրանք ամբողջությամբ ավարտին կհասցվեն դեկտեմբերի 1-ին: Մինչ այդ, նախարար Արթուր Գրիգորյանի հավաստմամբ, սակագնի փոփոխություն կամ էներգամատակարարման խնդիրներ չեն լինի: Վերակառուցման աշխատանքներից հետո ատոմակայանի կյանքը կերկարացվի 10 տարով: Ու թեեւ նոր ատոմակայանի կառուցումը ժամանակատար է, կառավարությունում այդ հարցը դեռեւս չի քննարկվում:

Ինչ վերաբերում է գազին. այս էներգակրի սակագնի հարցում նախարարը համամիտ է նախորդ իշխանությունների հնչեցրած կարծիքին՝ իրանական գազը սահմանին ռուսականից շատ ավելի թանկ է:

Դոնալդ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը. Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարները պետք է հանդիպեին հունիսի 12-ին Սինգապուրում: Թրամփը նշել է, որ շատ էր ցանկանում հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, սակայն նրա «վերջին հայտարարությունը, որը լի էր զայրույթով եւ բաց թշնամանքով», իրեն դրդել է այն մտքին, որ երկար սպասված հանդիպումը ներկայում տեղին չէ: 

Նշենք, որ Վաշինգտոնին զայրացրել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարարի  հայտարարությունը, որում վերջինն ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին հիմար է անվանել, որը թույլ է տվել «լիբիական սցենարի» իրագործումը երկու երկրների հարաբերություններում: Փհենյանի կարծիքով՝ դա պարզապես պատասխան է ԱՄՆ-ի վարքին: Կիմ Չեն Ընն էլ ափսոսանք է հայտնել գագաթնաժողովի անսպասելի չեղարկման համար՝ հայտարարելով, որ ամերիկացի առաջնորդն այդ որոշումը կայացրել «կամքի պակասի կամ ինքնավստահության բացակայության պատճառով»:

Հայաստանի դպրոցներում այսօր ավարտական դասարանների աշակերտների համար հնչեց «Վերջին զանգը»: Կրթության նախարարը շրջանավարտներին շնորհավորել է Փարիզից: Հանրապետության հիմնական դպրոցների 9-րդ դասարաններն այս տարի 31.300 շրջանավարտ ունեն, ավագ դպրոցների 12-րդ դասարանները՝ 9.600: Ավարտական եւ պետական ավարտական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ին: Իսկ մինչ այդ՝ դպրոցներում այսօր տոնական տրամադրություն էր, իսկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին կառավարական առանձնատուն էր հրավիրել՝ «Վերջին զանգը» միասին տոնելու:

Մայիսի 25-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 81 լումա, ֆունտինը՝ 644 դրամ:

Մայիսի 26-ին եւ 29-30-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն: