Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի նախկին վարձու մարդասպանին՝ Popeye մականունով Ջոն Ջայրո Վելասկեսին:

AFP-ի փոխանցմամբ՝ 56-ամյա Վելասկեսը բանտից դուրս էր եկել 2014 թվականին, եւ հետախուզման մեջ էր Twitter-ի միջոցով ձախ քաղաքական գործչի հասցեին սպառնալիքի համար: Սակայն նրան ձերբակալել են շորթման մեղադրանքով:

Popeye-ը 1980-ական թվականներին Medellin նարկոկարտելի կառավարման ամենաարյունալի ժամանակաշրջանում Էսկոբարի գլխավոր քիլլերներից էր: Նա կարտելը լքել է 1992 թվականին, մեկ տարի անց Էսկոբարը սպանվել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ:

Ազատության մեջ հայտնվելուց հետո Վելասկեսը սոցցանցերի ակտիվ օգտատեր է դարձել: Ձախ սենատոր Իվան Չեպեդան ոստիկանությանը հայտնել է Վելասկեսի կողմից իր կողմնակիցներին ուղղված սպառնալից հաղորդագրությունների մասին: Սակայն Վելասկեսը պնդում է, որ Twitter-ի իր օգտահաշիվը կոտրել են: