50-ամյա Հերիքնազ Գրիգորյանն ընտանիքի հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ գետնափոր տնակում՝ սարսափելի ու անմարդկային պայմաններում: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Հերիքնազը պատմեց, որ ամուսնուն կորցրել է ավելի քան 20 տարի առաջ ու ստիպված է եղել մեծ դժվարություներով մեծացնել երկու տղաներին.

«Տեսնում եք, թե ինչ պայմաններում ենք ապրում ես փոքր որդուս ընտանիքի հետ: Մեր խնամքին փոքրիկ թոռս է, որին պահելու համար տարրական պայմանները բացակայում են: Տնակը հողի վրա է, առնետները տանը վխտում են, անգամ պատուհան չունենք: Էստեղ քնում ենք, հաց ենք ուտում, լողանում, լվացք անում: Մի խոսքով, գոյատեւում: Տունը վառարանով ենք տաքացնում, բայց մի կերպ ենք ձեռք բերում: Մեծ տղաս 5 տարեկանից հաշմանդամություն ուներ, թոշակ էր ստանում, սակայն 16 տարին լրանալուն պես կտրեցին նպաստը: Հիմա 28 տարեկան է ու չդիամանալով էս պայմաներին՝ հեռացել է արտերկիր»,- պատմում է տիկին Հերիքնազը:

Կնոջ խոսքով, կրտսեր որդին ամուսնացել է ու հիմա ստիպված է այդ սարսափելի պայմաններում մեծացնել փոքրիկին: Տղան, որը եւս առողջական խնդիրներ ունի, զբաղվում էր անասնապահությամբ.

«Անասուն էր պահում, օրը 5000 դրամով, բայց ես ու երեխան հիվանդացանք: Ինձ վիրահատեցին, էրեխի կյանքն էլ մի կերպ փրկեցին, ու պարտքերի տակ ընկանք: Տղաս էլ արդեն մի քանի օր է գնացել է Ռուսաստան, որ աշխատի ու պարտքերը փակենք: Մինչեւ վիարահատվելը ես ուրիշի դաշտերում աշխատում էի ու գոնե օրվա հացը վաստակում էի, հիմա դա էլ չեմ կարողանում: Մենք դեռ ոչինչ, ուղղակի թոռանս մասին եմ մտածում: Չգիտեմ, թե ոնց պիտի էս պայմաններում մեծացնենք փոքրիկին:Ամենաչնչին օգնությունն անգամ մեզ շատ անհրաժեշտ է՝ սնունդ, հագուստ, ով ինչով կկարողանա»,- նշեց 50-ամյա կինը:

Ընտանիքը նպաստ չի ստանում: Երբեմն-երբեմն օգնում է գյուղապետարանը: Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098 66 24 83 հեռախոսահամարով՝ Հերիքնազին: