Սիրիայի հարցերով թուրք-ամերիկյան աշխատախումբը Անկարայում հանդիպման ժամանակ մշակել է Մանբիջում կայունության ու անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին ճանապարհային քարտեզի հիմնական կետերը։ Այս մասին հայտնում է թուրքական ԱԳՆ կայքը, փոխանցում է «Կոմերսանտ․ ռուն»։

«Թուրք-ամերիկյան աշխատախումբը հանդիպում է իրականացրել՝ Սիրիայի մասին բանակցությունները շարունակելու ու այլ երկկողմանի հարցերի շուրջ։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ու ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հանդիպելու են հունիսի 4-ին՝ աշխատախմբի ռեկոմենդացիաները քննարկելու համար»,- պատմել են ԱԳՆ-ում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ մտադիր է Սիրիայի սահմանամերձ տարածքների հանդեպ ամբողջական հսկողություն սահմանել, խոստանալով Աֆրինի գրավումից հետո շարունակել «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը քրդական դիմադրության հենակետ Մանբիջ քաղաքում։Էրդողանը նաեւ քննադատել էր Վաշինգթոնին՝ նրան մեղադրելով «ահաբեկիչներին աջակցելու մեջ»։