Զանգակն ու Բամբակը՝ Լոռիից փրկված արջի երկու քոթոթներն, օրեր առաջ վերադարձվեցին վայրի բնություն։

Մեր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  GPS ռադիոընդունիչները ցույց են տալիս, որ բաց թողնելուց 5 օր անց քոթոթները դեռ տարածքում են եւ ամբողջովին անվտանգ։

Զանգակն ու Բամբակն այժմ բավարար հասուն են՝ վայրի բնության մեջ գոյատեւելու համար: Ադապտացիոն փուլերն անցնելուց ու անհրաժեշտ բոլոր «քննություները» բարեհաջող հանձնելուց հետո նրանք այլեւս կարող են ինքնուրույն սնունդ հայթայթել եւ բավականաչափ ուժեղ են՝ ինքնապաշտպանվելու համար բնական հնարավոր վտանգներից:

2017-ի մայիսի 4-ին, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ ստացավ ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից՝ Լոռվա մարզում առանց մոր գտնված արջի երկու քոթոթներին ապաստանելու, համապատասխան խնամք ապահովելու խնդրանքով: Հիմնադրամի փրկարար թիմի արագ արձագանքով՝ ոթոթները տեղափոխվեցին Երեւանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկա, ուր անհրաժեշտ բուժզննումներն ու ստուգումներն անցնելուց հետո տեղափոխվեցին Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, Արարատի մարզ):

Այստեղ Զանգակի ու Բամբակի համար մշտական խնամքից ու վերահսկողությունից զատ, փրկարար կենտրոնի մասնագետները նրանց համար ապահովել են նաեւ զբաղվածության բազմազան ծրագիր՝ քայլ առ քայլ նախապատրաստելով վայրի բնություն վերադարձին: