Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400» համալիրների գնման հարցը։Պետության ղեկավարը քննադատել է այդ որոշման համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձերը, հայտնում է ՌԲԿ-ն։

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշում է կայացրել ձեռք բերել «Ս-400», դրանով իսկ ստանալով ավելի առաջադեմ, եւ կասեմ առանց չափազանցության, իրենց դասի մեջ լավագույն համակարգեր։ Եվ ի՞նչ։ Մի՞թե դա ինչ- որ զանցանք է»,- ասել է Պուտինը, որին մեջբերում է Anadolu Agency գործակալությունը, որի գլխավոր խմբագիր Մեթին Մութանօղլուն, որը  ներկա է գտնվել հանդիպմանը։

Պուտինը օրինակ է բերել այն կոչերը, որոնք հնչում են Վաշինգթոնում՝ Թուրքիա ամերիկյան F-35 կործանիչ ռմբակոծիչների մատակարարումներին խոչընդոտելու մասին։ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ԱՆկարան ինքնուրույն է կայացնում որոշումներ այն հարցերում, որոնք վերաբերում են անվտանգությանը՝ «առաջնորդվելով իր ազգային շահերից ու հաշվի առնելով արժեքի ու որակի հարցերը»։

«Ո՞ր պետությունն է իրավասու սահմանափակել անկախ երկրի նախաձեռնությունը՝ սեփական անվտանգության տեսակետից ծայրաստիճան զգայուն արտադրանքի ձեռքբերման հարցում, եթե այդ երկիրը պատրաստ է նման ձեռքբերման։ Կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի մոտեցում է»,- ասել է Պուտինը։

Ապրիլի 9-ին Պուտինը հաստատել է Անկարայի մտադրությունը ձեռք բերել ռուսական «Ս-400» համակարգեր, չնայած այն պատժամիջոցներին, որոնք տարածվել են «Ռոսօբորոնէքսպորտի» վրա։ Ակնկալվում է, որ  համալիրների մատակարարումը Թուրքիա կկայանա 2019-ի հուլիսին։