Դպրոցներում դրամահավաքն ինչ-որ տոկոսով վերացել է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին «Թումո» կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այն տվյալները, որոնք ես ունեմ, վկայում են այն մասին, որ մեր հորդորներն ու կոշտ գործողություններն այս առումով արդյունք տվել են, ամենեւին պատրանք չունեմ ասելու, որ դրամահավաքն ամբողջությամբ վերացել է, բայց ինչ-որ տոկոսով վերացել է եւ բազմաթիվ վկայություններ խոսում են այդ մասին: Նախկինում էլ հավաքագրված գումարները հետ են վերադարձվել»,- ասաց նա:

Անդրադառնալով «Վերջին զանգի» միջոցառումներին նախարարը նշեց, որ ինքը Փարիզում տեղեկացել է շրջանավարտների մասնակցությամբ վթարի մասին եւ արդեն օրվա վերջում տեղեկացել է, որ ոչ մի մեքենա տուգանային հրապարակ չի տարվել:

Դպրոցներում վերջին շրջանում տարածում գտած բողոքի ակցիաների ընդդեմ տնօրենների մասին խոսելով՝ նախարարն ասաց, որ ինքն առաջարկում է բոլոր այն դպրոցների աշակերտներին, ուսուցիչներին, որոնք ունեն բողոքներ գրավոր կերպով ներկայացնել իրեն եւ ինքը փորձի այդ հարցին լուծում տալ:

«ԿԳՆ-ն այս հարցում անկախ արբիտրի դեր է ստանձնել եւ վերջին 2 շաբաթների գործունեությունն էլ վկայում է այդ մասին եւ կոչ եմ անում դպրոցներին դիմել նախարարությանը»,-ասաց նա: