Նորապսակները մեծ շուքով իրենց հարսանիքը նշել են Իսպանիայի Վիվերո քաղաքի ռեստորաններից մեկում՝ հրավիրելով 200 մարդու, սակայն երբ հաստատության տերերը հաշիվն են բերել, պարզվել է, որ ոչ ոք չի պատրաստվում վճարել։ Հաշիվը կազմել է ավելի քան 8 հազար եվրո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռեստորանում հարսանիքը նշել որոշել է ռումինական գնչուների ընտանիքը, նրանք գրավ են թողել (1,5 հազար եվրո), տրամադրել են փաստաթղթերը, պայմանագիր են կնքել եւ կապի համար հեռախոսահամար են թողել։

Հյուրերին ուրախացրել է հայտնի ռումինական երգիչ Նիկոլաե Գուցեն, որը մասնավոր ինքնաթիռով Իսպանիա էր ժամանել, հարսնացուի զգեստը զարդարված է եղել Swarovski բյուրեղներով։

Երբ եկել է վճարելու ժամանակը, տերերին հայտնել են, որ փեսայի հայրը, որը պետք է վճարեր հաշիվը, ի վիճակի չէ հիմա եւ ավելի ուշ հաշիվը կփակի։ Սակայն, հաջորդ օրը ընտանիքի անդամներից ոչ ոք չի գտնվել, իսկ հեռախոսահամարով ոչ ոք չի պատասխանել։ Մի քանի օր անց հաջողվել է կապ հաստատել փեսայի եղբոր կնոջ հետ, որը հայտնել է, որ ամուսինը վթարի է ենթարկվել, ապա գնացել է Ռումինիա փողի հետեւից։

Ռեստորանի տերերը դիմել են ոստիկանություն, իրավապահները, սակայն, դեռ չեն կարողանում գտնել նրանց։