«Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել, Հայաստանի ԶՈՒ գեներալ մայոր եւ դանով ամեն ինչ ասված է»: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց,այն հարցին, թե Արթուր Աղաբեկյանը մտահոգություն էր հայտնել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված:

«Այդ մտահոգություններին վերաբերում եմ հետեւյալ կերպ, որ Գլխավոր շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանի նշանակումը մեկ այլ պաշտոնի նույնպես միանշանակ չընդունվեց, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շատ քիչ նշանակումներ կան, որ միանշանակ են ընդունվում:

«Կարծում եմ` մեզ համար կարեւոր են ոչ թե նշանակումները, այլ այն գործունեությունը, որ տվյալ պաշտոնյաները պիտի վարեն այդ աշխատանքի ընթացքում: Այսինքն այդ հնարավորությունը պետք է տալ, եթե որեւէ մեկի աշխատանքը բավարար արդյունքների չի բերի դրան կհետեւեն այլ որոշումներ»,- հավելեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը, նշել էր. «Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին»: