Երեւանում անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած բազմաթիվ փողոցներում անձրեւաջրերի կուտակումներին:
Արթուր Գերոգյանը, մասնավորապես, նշել է. «Երեւան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրեւից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ անձրեւաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ։
Խնդրով մտահոգ քաղաքացիները դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հպանցիկ դիտարկեն Երեւանի տարեկան բյուջեն կամ տարեկան հաշվետվության ծախսային հոդվածները։
Հասկանալի է, որ մայրաքաղաքում հանդիպող ցանկացած անհարմարության համար բնակչի բողոքն ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմնին﹐սակայն այս դեպքում հայտարարում ենք, որ խնդրի կարգավորումը գտնվում է մասնագիտական կառույցի անմիջական գործառույթների շրջանակում։
Միաժամանակ, Երեւանի քաղաքապետարանը, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, մշտապես աջակցում եւ բավարար պայմաններ է ստեղծում պատասխանատու կառույցի համար՝ անձրեւաջրերի հեռացման համակարգերի բարելավման ծրագրերն իրականացնելու նպատակով»։
Ուժեղ անձրեւի հետեւանքով տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում (ֆոտո)