Ապարան քաղաքի հրապարակում այս պահին արդեն մեկնարկել են Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում մեծ թվով բնակչություն է հավաքվել, միջոցառումներին մասնակցելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այստեղ են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ման Թանդիլյանը, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսյանը, Հայկ Կոնջորյանը: Քիչ առաջ ժամանեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը: Այստեղ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախատեսվում է քաղաքի հրապարակից երթ դեպի Բաշ Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձան, որից հետո տոնական համերգ է տեղի ունենալու:

Նշենք, որ այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Այս կապակցությամբ, Ապարանում իրականացվել են շինարարական  լայնածավալ աշխատանքներ.  բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուներ, կատարվել են կանաչապատման եւ ծառատնկման մեծածավալ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երեւան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը եւ նրան կտրել Երեւանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:

Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ եւ ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված եւ մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արեւմուտք: 

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաեւ եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երեւան եւ Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը: